ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հայաստանը դրեյֆում է դեպի ժողովրդավարություն, ո՞ւր է գնում Ադրբեջանը

Հայաստանը դրեյֆում է դեպի ժողովրդավարություն, ո՞ւր է գնում Ադրբեջանը
05.04.2017 | 09:24

Իշխող ՀՀԿ-ն վստահորեն հաղթեց ԱԺ ընտրություններում՝ հավաքելով 49 % ձայն: Խորհրդարանում կլինեն ևս երեք քաղաքական ուժեր՝ «Ծառուկյան» դաշինքը (27,32 %), որ երբեմն անվանում են իշխանության երկրորդ կուսակցություն, ընդդիմադիր «Ելք» դաշինքը (7,77 %) և ՀՅԴ-ն (6,57 %): Ներկա ընտրությունները պատմական կարելի է համարել, հետայսու Հայաստանի խորհրդարանը որոշում է երկրի քաղաքականությունը: 2018-ին նախագահ Սերժ Սարգսյանի իրավասությունների ժամկետի ավարտից հետո ԱԺ պատգամավորները կընտրեն նրա իրավահաջորդին ու վարչապետին, կձևավորեն կառավարություն: Սա ձևավորված իրավիճակի առաջին առանձնահատկությունն է՝ նշվել է որոշակի անցումային շրջան: Երկրորդ առանձնահատկությունը՝ Անդրկովկասի երեք պետություններն ունեն տարբեր քաղաքական համակարգեր՝ նախագահական Ադրբեջանում, կիսախորհրդարանական Վրաստանում (նախագահին ընտրում է ժողովուրդը) և խորհրդարանական Հայաստանում (նախագահին ընտրում է խորհրդարանը):

Բաքուն սկսեց ամրապնդել նախագահական ուղղահայացը 2016-ի ապրիլյան կռիվներից հետո Լեռնային Ղարաբաղում: Հայաստանն անցավ խորհրդարանական կառավարման առանց ճգնաժամերի: Ճիշտ է՝ հեռանկարում ճգնաժամերը բացառված չեն, հատկապես Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոյության պայմաններում, թեպետ պատմական ու քաղաքական փորձը ցույց է տալիս, որ իշխող կուսակցության գրագետ ներքին ու արտաքին քաղաքականության դեպքում հնարավոր խորհրդարանական ճգնաժամերը չպետք է վերաճեն վարչակարգի ընդգրկուն ճգնաժամի, իսկ վարչապետի ու կառավարության փոփոխությունը ժողովրդավարության վերջը չէ որպես այդպիսին:
Ադրբեջանում նախագահը ունի նշանակալից սահմանադրական իրավասություններ՝ ներառյալ վերահսկողությունը կառավարության և աշխատակազմի վրա, ընտրվում է ուղիղ ընտրությամբ որոշակի ժամկետով և անկախ է խորհրդարանի վստահության քվեից: Հայաստանում խորհրդարանական համակարգը ամրապնդում է ժողովրդավարությունը, որի մեջ պիտի շահագրգռված լինեն ընդդիմադիր կուսակցությունները: Քաղաքական գործընթացները Հայաստանում ու Ադրբեջանում սկսում են սկզբունքորեն տարբեր բնութագրեր ձեռք բերել՝ խորհրդարանական կառավարումը կարող է քաղաքական գործընթացներում Հայաստանին որոշակի ճկունություն տալ, Ադրբեջանի նախագահական համակարգին բնորոշ է կոշտությունը: Ճիշտ է՝ կոնկրետ հանգամանքներից կախված «գործող անձանց» բազում լինելու և ամուր իշխանության գործոնները կարող են տարբեր դրսևորումներ ունենալ:

Ընտրարշավի ընթացքում Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր ՀԱԿ-ի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում էր Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման իր սցենարը՝ անվանելով «գլխավոր խոչընդոտ» պետության զարգացման ճանապարհին: «Առաջին նախագահի առաջարկած կարգավորման սխեման, ըստ էության, չի տարբերվում նրանից, որ նա ընդունել է 1998-ին և որը ի վերջո նրան տարավ փետրվարի 3-ին հրաժարականի,- գրում է «Независимая газета»-ն:- Ընդ որում՝ քիչ է տարբերվում նրանից, որ այսօր բանակցային սեղանին է՝ փուլային փոխանցում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շրջակա յոթ շրջաններից հինգի, փախստականների վերադարձ, կարգավիճակի հանրաքվե: Հավելեք խաղաղապահներ մտցնելու տարբերակները՝ միջազգային կամ խառը որոշակի շրջանները վերահսկելու համար, կարգավորման ծրագրի քայլ առ քայլ իրականացումը, փուլափաթեթային կամ ամբողջությամբ փաթեթային համաձայնագրով և այլն,և այլն՝ տարբեր աստիճանի անընդունելի մեկ մի կողմի համար, մեկ մյուս, մեկ բոլորի համար միաժամանակ»:

«Независимая газета»-ն կարծում է՝ հաշվի առնելով, որ «հյուսվել է տեսություն (ոչ հիմնազուրկ), որ իշխանությունները իբր չբարձրաձայնելով հրահանգել են ապահովել ՀԱԿ-ՀԺԿ-ին պատգամավորական մանդատներով, որ ինչ-որ մեկը «կեղտոտ աշխատանքը» կատարի ղարաբաղյան գծով»: Բայց այսպես կոչված՝ խաղաղության կուսակցությունը, ինչպես ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, կարծում է գերմանացի փորձագետ Ալեքսանդր Ռառը, օրինաչափ պարտություն կրեց: «Լևոն Տեր-Պետրոսյանը ղեկավարում է եվրոպամետ, ձախ կուսակցություն,- ասում է Ռառը:- Իսկ ձախերի դիրքերը նույնիսկ Եվրոպայում վերջին ժամանակներս բավականաչափ երերուն են, բացառություն է միայն Գերմանիան: Բացի այդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն իշխանություն եղել է և Հայաստանի քաղաքացիները նրան այլևս չեն համարում ապագայի մարդ»: Առաջին նախագահը հայտարարեց. «ՀԱԿ-ին հաջողվեց Ղարաբաղյան կարգավորման խնդիրը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգի հրատապ հարց, ինչը մեր հակառակորդներն անգամ չեն ժխտում: Եվ երկրորդ՝ կարճ ժամանակում ստեղծվեց «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանի շուրջ ձևավորված, թեկուզ առայժմ ոչ զանգվածային, հասարակական շարժում, որի հետագա ծավալմանը ես ամենևին չեմ կասկածում»: Սա հենց Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացի խաղադրույքն է, որի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կարող է հրապարակավ բարձրաձայնել իր «ղարաբաղյան թեզիսները»: Փետրվարի վերջին Լեռնային Ղարաբաղում սահմանադրական հանրաքվե կայացավ: Ստեփանակերտը, ի տարբերություն Հայաստանի, որոշեց ամրապնդել նախագահական իշխանությունը, որ ոչ միայն ապահովագրում է «երևանյան ժողովրդավարական պատահականություններից», այլև կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացին լիարժեք մասնակցության հայտ է: Ճիշտ է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվի, ոչ մի երկիր նրան չի ճանաչի», և «ամեն անգամ, երբ Լեռնային Ղարաբաղում անօրինական «հանրաքվե» է անցկացվում, աշխատում է մեր օգտին, որովհետև ամեն անգամ միջազգային կազմակերպությունները և պետությունները հանրաքվեն չեն ճանաչում»:

Բայց դա հասկացությունների բացահայտ խեղաթյուրում է: Հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում որոշարկեց Երևան-Ադրբեջան հարաբերությունները: Սա՝ մեկ: Երկրորդ՝ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվին հիշեցրեց, որ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ»: ՌԴ ԱԳՆ կարծում է. «Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղն իբրև անկախ պետություն: Ելնում ենք նրանից, որ կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցություններով Մինսկի գործընթացի շրջանակներում», այլ ոչ թե Բաքուն: Կոնֆլիկտի տրամաբանությունը, տևականությունն անխուսափելի են դարձնում Ստեփանակերտի մասնակցությունը բանակցային գործընթնացին: Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է իբր «հիմա բոլորը գիտեն, որ Հայաստանն անկախ չէ», և «Հայաստանն իր անկախությունը զոհաբերել է այդ օկուպացիային»: Եվ նորից հասկացությունների նենգափոխում՝ իրականում հիմա ժողովրդավարական Հայաստանը դիմակայելու է ավտորիտար Ադրբեջանին, որ անխուսափելիորեն ազդեցություն է ունենալու կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներին համաշխարհային հանրության վերաբերմունքի վրա: Հիմա պետք է սպասել ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը, որից հետո պարզ կդառնա՝ Երևանում միակուսակցական կառավարություն կլինի, թե կոալիցիոն: Գլխավորն այլ է՝ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը հակված կմնա Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը, ԵԱՏՄ և ՀԱՊԿ ինտեգրմանը և կշարունակի աշխատել Արևմուտքի հետ լավ հարաբերությունները վերականգնելու վրա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, շնորհավորել է նրա կուսակցության հաղթանակը խորհրդարանի ընտրություններում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Հետաքրքիր տեսանկյուն է, չէ՞, կառավարման համակարգերի համեմատությունը Հարավկովկասյան երեք պետությունների: Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները բազում իրողություններ ի հայտ բերեցին, որ իմաստավորելու համար ժամանակ ու հանգամանալից ուսումնասիրություն է պահանջում: Ժամանակ՝ որովհետև դեռ պետք է պարզվի ի՞նչ կառավարություն է կազմավորվում, լինելու է կոալիցիա, թե ոչ: Եվ հանգամանալից ուսումնասիրություն՝ որովհետև արտաքուստ ազատ կամահայտնության հիմքում ընտրության պարտադրվածությունն էր, որի խորքային պատճառներն է պետք պարզել ու վերացնել: Բայց կան իրողություններ, որ արդեն հիմա ակնհայտ են: Հղում անելով գերմանացի փորձագետ, իսկ իրականում ռուս լրագրող Ալեքսանդր Ռառին (Ալեքսանդր Գլեբովիչ Ռառը ծնվել է Թայվանում ու Թայվանի քաղաքացի է, Գորբաչովի ու Պուտինի կենսագրական գրքերի հեղինակ, հայտնի է ռուսական իշխանական էլիտայի հետ սերտ հարաբերություններով)՝ Ստանիսլավ Տարասովը փորձում է Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացնել եվրոպամետ կուսակցության ղեկավար: Թե որքանով է ՀԱԿ-ը եվրոպամետ, վկայեցին նաև այս ընտրությունները, երբ Կրեմլից ուղղակի հրահանգ կար առաջին նախագահին անհրաժեշտ քվեներ ապահովել, որովհետև նա պաշտպանում է Լավրովի պլանը: Նույնիսկ Ստանիսլավ Տարասովն ինքն է հաստատում ՀԱԿ-ի ռուսական կողմնորոշումը՝ վկայակոչելով
«Независимая газета»-ի հրապարակումը: ՀԱԿ-ՀԺԿ-ի պարտությունը ընտրություններում ընդհանրական պատասխան էր Լավրովի պլանին: Լևոն Տեր-Պետրոսյանի հետընտրական եզրակացությունը՝ «ՀԱԿ-ին հաջողվեց Ղարաբաղյան կարգավորման խնդիրը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգի հրատապ հարց, ինչը մեր հակառակորդներն անգամ չեն ժխտում: Եվ երկրորդ՝ կարճ ժամանակում ստեղծվեց «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանի շուրջ ձևավորված, թեկուզ առայժմ ոչ զանգվածային, հասարակական շարժում, որի հետագա ծավալմանը ես ամենևին չեմ կասկածում», բոլորովին էլ փաստ չէ, ու հաստատ «Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացի խաղադրույքը» չէ:


Ռուսաստանի համար կարևորը հիմա դարձել է այլ խնդիր՝ ապահովել Հայաստանում Կարեն Կարապետյանի հետագա վարչապետությունը, որպեսզի գոնե մինչև հաջորդ ընտրություններ «արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը հակված կմնա Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը, ԵԱՏՄ և ՀԱՊԿ ինտեգրմանը»: Սա է խնդիրը, որի համար Կրեմլին պետք է, որ Հայաստանում լինի միակուսակցական կառավարություն, չկազմավորվի կոալիցիա և հաջորդ տարի ապրիլին Կարեն Կարապետյանը վերստին դառնա վարչապետ: Այս խնդրի լուծման համար Լևոն Տեր-Պետրոսյանը դադարեց գործոն լինել, ուստի նրան պետք է անվանել արևմտամետ ու գտնել նոր ռուսամետների: ՈՒ պետք չէ Ղարաբաղը դարձնել մանրադրամ: Վայել չէ, թեպետ պրագմատիկ ու ռացիոնալ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ